00:00:00

Խորհրդարանական 4 ուժերը քննարկում են ԸՕ փոփոխությունները. այսօր իր առաջարկներն է ներկայացնում «Ծառուկյան դաշինքը» (ուղիղ)

16:24, 06 հուլիս 2018

Հայաստանի Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 6-ին իր թվով երրորդ նիստն է անցկացնում: Առաջին եւ երկրորդ նիստերում իրենց առաջարկները ներկայացրին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ելք»-ը: Այսօր հերթը «Ծառուկյան» դաշինքնն է, որի առաջարկները կներկայացնի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Մասնավորապես, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ խմբաքանակներ, որը թույլ կտա խուսափել «կարուսել»-ից: նաեւ առաջարկում է տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը կատարել միայն ID քարտերով, այսինքն բոլորին զանգվածաբար ID քարտեր բաժանել: ՀՀԿ-ն առաջարկում է նաեւ քվեարկել ոչ թե ձեռքով, այլ հատուկ սարքերի միջոցով՝ «թաչ-սքրինի» մեխանիզմով, ինչը լրացուցիչ ծախսերի հետ է կապված: ՀՅԴ-ն իր հերթին առաջարկում է ընտրություններն անցկացնել բաց համամասնական ցուցակներով, ձեւավորել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ, կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմի նվազեցնել մինչեւ մանդատների ընդհանուր թվի 3/5-ը,. որպեսզի ոչ մի կուսակցություն չունենա 60 տոկոսից ավելի մանդատ: ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծել, ինչպես նաեւ քաղաքական նպատակով բարեգործությունը բացառելու համար արգելել, որ եթե կա «Պողոս Պողոսյան» անունով հիմնադրամ, նույն անունով կուսակցություն կամ դաշինք մասնակցի ընտրություններին: Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության առաջարկներին, դրանք ներկայացրեց պատգամավոր Լենա Նազարյանը: «Ելք»-ի առանցքային առաջարկներն են՝ 1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով: 2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը: Այսպիսով կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս: 3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից: 4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով: 5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի: Նշենք, որ ԱԺ-ում գործող այս աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական 4 ուժերը, յուրաքանչյուրը 3 ներկայացուցչով: Բացի այս աշխատանքային խումբը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս հանձնաժողովն արդեն մի քանի նիստ է անցկացրել: Մասնավորապես, այս հանձնաժողովում որոշվել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոսավոց համամասնական փակ ցուցակներով, բացի այդ, առաջարկվել է անցողիկ շեմը նվազեցնել մեկ տոկոսով: Այսօրվա ԱԺ աշխատանքային խմբի նիստին կմասնակցի նաեւ Արարատ Միրզոյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր