00:00:00

Ով կանցնի գիծը եւ հանրային ռեսուրսները սեփական շահի համար կօգտագործի, պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյան

02:54, 06 հուլիս 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով, եւ առաջիկայում սպասվում են նման ծրագրերի իրագործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Թե կոնկրետ ո՞ր ոլորտներում եւ ի՞նչ չափի ներդրումների մասին է խոսքը՝ փոխվարչապետը չշտապեց փակագծերը բացել։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների դիտարկումներին, թե միտում են տեսնում իշխանության համատարած ստուգումների գործում, փոխվարչապետն ասաց, որ բացահայտումների վիճակագրությունն է փաստում, որ թալանն իրականացվել է հիմնականում ՀՀԿ ղեկավար անձանց ձեռամբ: «Բացահայտվում է բազմաթիվ միլիոնների գողոն, որոնք թալանվել են նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, եւ հիմնականում այնպես է ստացվել, որ ՀՀԿ ղեկավար անձինք են: Սա պարզապես վիճակագրությունն է, մենք մեղավոր չենք դրանում։ Վաղը կարող է ձերբակալվել ՔՊ-ի ներկայացուցիչ, եթե նա թալանով զբաղվի: Իհարկե՝ ես բացառում եմ սա, որովհետեւ ՔՊ-ականները որեւէ թալանի մասնակից չեն լինում: Ուզում եմ ասել՝ ով կանցնի գիծը եւ հանրային ռեսուրսները սեփական շահի համար կօգտագործի, պետք է պատասխան տա։ Միտում չկա, այլ բան է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ կուսակցությունից են լինում»,-ասաց առաջին փոխվարչապետը։ Հարցին՝ իր նշած թալանի բացահայտումից որքա՞ն գումար է հաջողվել մուտքագրել պետական բյուջե, Միրզոյանը հստակ թիվ չնշեց. «Մի մասը, այո՛, հասել է: Հստակ թվով չեմ պատասխանի, որովհետեւ բացահայտումը շարունակվում է, եւ թիվը փոխվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր