00:00:00

Հայաստանում իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է․ Փաշինյան

21:32, 05 հուլիս 2018

«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոդալների ժամանակը անցել է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր Գորիսում հանրության հետ հանդիպման ժամանակ իր ելույթում Փաշինյանը շեշտեց․ - «Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է և հպարտ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար, և մենք իրար հետ այդ պատասխանատվությունը անմնացորդ կրելու ենք: Սա՛ է մեր հիմնական ուղերձը»: Շնորհավորելով գորիսցիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ վարչապետը ասաց․ - «Կարծում եմ, որ մենք մեծ նվաճում ունենք Հայաստանի Սահմանադրության ընդունումից 23 տարի անց: Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և էսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ»: «Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության վարչապետը և մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին՝ սա՛ է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել, էս կարևոր փոփոխությունը, ձեր հաղթանակը երբեք, ոչ մի պատճառով, որևէ դեպքում ձեր ձեռքից բաց չթողնեք, որովհետև էս է բանաձևը բոլոր խնդիրները լուծելու: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայում է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ձեզ, և երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, որը ծառայում է կոռուպցիային, որը ծառայում է թալանին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Սահմանադրության օրը Փաշինյանը որոշել է անցկացնել Սյունիքի մարզում։  Սա վարչապետի պաշտոնում նրա առաջին այցն է Սյունիք, թավշյա հեղափոխության օրերին ևս Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը այս մարզով չի անցել: Գորիսի կենտրոնում հանդիպումից հետո վարչապետը քաղաքապետարանի շենքում մոտ 40 րոպե հանդիպում ունեցավ Սյունիքի գյուղերի, քաղաքների ղեկավարների հետ, որոնք նրան ամենատարբեր հարցեր էին ուղղում, խնդրում լուծել ջրագծի, լքված շենք-շինությունների հարցերը, գյուղտեխնիկա էին խնդրում: Փաշինյանը, ամփոփելով բոլոր հարցադրումները, ասաց, որ ամեն համայնքից երկուական ամենակարևոր հարցերին կփորձի լուծում տալ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր