«Կա գործընթաց, և որևէ մի դեպք Հայաստանում այլևս չի համարվի փակված, կոծկված, տեղից չշարժվող»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի գործով նոր բացահայտումները, նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրյալ է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Մեր ճշտող հարցին էլ՝ հավանական համարո՞ւմ եք, որ Մարտի 1-ը կբացահայտվի, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա. «Ակնկալում եմ և հույս ունեմ, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի»։