00:00:00

Դատախազը մարմնավորում է արդարամտությունն ու մարդասիրությունը. Արթուր Դավթյան

16:24, 01 հուլիս 2018

Հայաստանի մերօրյա քաղաքացու տեսլականում դատախազը մարմնավորում է ոչ միայն պետական իշխանությունն ու օրենքը, այլեւ արդարամտությունն ու մարդասիրությունը՝ իրենցից պահանջելով առօրեական դարձնել օրենքի գերակայության, իրավապաշտպանության, արդարության արժեքները: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակի միջոցառման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Գիտակցելով դատախազի ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաեւ նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսեւորումները՝ միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա եւ լինելով բավականաչափ ճկուն տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ»,- ասաց գլխավոր դատախազը՝ նշելով, որ հասարակությունն իրենց առջեւ դրել է պահանջների բարձր չափանիշներ։ Արթուր Դավթյանը նշեց, որ հանցավորության դեմ պայքարում դատախազությունը միայնակ չէ. «Հետեւաբար՝ նաեւ իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր գործադիր եւ դատական իշխանության մարմինների, ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ու Հատուկ քննչական ծառայությունների, Քննչական կոմիտեի մեր գործընկերներին՝ մեր ընդհանուր գործում՝ հանցավորության դեմ պայքարում անաչառ ու հետեւողական գտնվելու, մեր իրավասությունների սահմաններում գործակցելու պատրաստակամության համար»: Խոսքն ուղղելով դատախազներին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Հարգելի՛ դատախազներ, անկեղծ շնորհավորանքի խոսքեր եմ ուզում հղել նաեւ շնորհակալության արժանի ձեր բոլորի ընտանիքներին: Սա նաեւ իրենց տոնն է։ Ձեր ծնողները, ամուսինները եւ երեխաները միշտ պետք է ձեզանով հպարտանալու առիթ ունենան, հավատացած լինեն, որ ձեր՝ ուշ տուն վերադառնալը փոխհատուցվում է պետության անվտանգությանը եւ ժողովրդի բարօրությանը ձեր պատվաբեր ծառայությամբ: Լինենք սահմանադրապաշտ եւ օրինապաշտ, պատվով ծառայենք, արժանի լինենք Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի կոչմանը: Թող միշտ մեզ հետապնդի լավատեսությունը եւ մասնագիտական հաջողությունը:  Խաղաղություն եւ զորություն մեր հայրենիքին»,- ասաց Արթուր Դավթյանը։ Նշենք, որ ՀՀ դատախազության 100-ամյակի հանդիսավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընթերցվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը, ելույթ ունեցան նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները։ Նշենք, որ ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին գլխավոր դատախազներ՝ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր