00:00:00

Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին

22:30, 30 հունիս 2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին Հուլիսի 1-ին՝ ՀՀ դատախազության աշխատողի օրը կայանալիք ՀՀ դատախազության համակարգի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև հուլիսի 2-ին Երևանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների և երկրների պատվիրակություններ, որոնց ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մասնավորապես՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևի, ԱՊՀ   գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղարի տեղակալ Աբիգայ Սմագուլովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային այդ կազմակերպությունների և ՀՀ գլխավոր դատախազության գործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև անդամ-երկրների համատեղ ջանքերով այդ կազմակերպությունների արդյունավետությունը բարձրացնելու, նրանց ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին վերաբերող հարցեր: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար դատախազությունների կողմից ստեղծված միջազգային, տարածաշրջանային ընդհանուր ձևաչափերն ու հարթակներն օպերատիվ տեղեկատվության, փորձի փոխանակման համար առավել ակտիվացնելու, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը: Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովի, Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնակատար Գեորգի Բադաշվիլիի, ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չժան Սյուեցյաոյի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Ախմետժանովի և պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևի, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գայրատ Խիդոյատովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Միրչա Ռոշիոռուի, Ռումինիայի գլխավոր դատախազի խորհրդական Օվիդիու-Վասիլի Պրեդեշկուի, Էստոնիայի Հանրապետության դատախազության ավագ դատախազ Դիլայլա Տամիկսաարի ղեկավարած պատվիրակությունների հետ: Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և նշված երկրների դատախազությունների երկկողմ հարաբերությունների, քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավման հետ կապված հարցեր: Առանձին երկրների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում շոշափվել են նաև ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում կոնկրետ ուղղություններով համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավոր մոտեցումներին, համատեղ միջոցառումներ նախաձեռնելու հեռանկարներին վերաբերող խնդիրները: Բոլոր պատվիրակությունների ղեկավարներին ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, ինչը, ըստ պարոն Դավթյանի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի ցուցիչ է, այլև խոսում է ՀՀ դատախազությանը որպես վստահելի և արդյունավետ գործընկերոջ վերաբերվելու, փոխադարձ հարգանքի, անկեղծ գործակցության հենքի վրա ՀՀ դատախազության հետ հարաբերությունների զարգացման ձգտումների և առկա մեծ ներուժի մասին: Հուլիսի 1-ին նմանատիպ հանդիպումներ նախատեսված են նաև Հունաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր