00:00:00

Շիրակի մարզպետը օրենքի եւ կրիմինալի մեջտեղում. ավտոկայանատեղիները՝ սկանդալի կենտրոնում

01:32, 29 հունիս 2018

Շիրակի նորաթուխ ՔՊ-ական մարզպետը հայտնվել է կրիմինալի եւ օրենքի մեջտեղում: Պատճառը Գյումրի քաղաքի վճարովի եւ անվճար ավտոկայանատեղիներն են, որոնցից մեկը գործում է օրենքով սահմանված կարգով, իսկ մյուսներն՝ անօրինական: Հունիսի 19-ին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը բավականին աղմուկ բարձրացրեց, անգամ իրավաբանների ուշադրությունից չվրիպեց: Մարզպետը գրել էր, թե հունիսի 19-ից «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների կայանումն անվճար է դառնում: Սա դարձել էր սկանդալային քննարկման առարկա: Նշենք, որ 2015 թվականին հիվանդանոցի ղեկավարությունը առաջարկությամբ դիմել էր Շիրակի մարզպետին, որպեսզի ավտոկայանատեղի փոքր հատվածը դառնա վճարովի, իսկ մեծ հատվածը մնա անվճար: Մարզպետարանից ԲԿ-ին թույլատրել են օրենքով սահմանված կարգով ավտոկայանատեղիի մեկ հատվածը դարձնել վճարովի: Այնուհետ, տարածքը վարձով տրվել է Ա/Ձ Արարատ Գրիգորյանին: Վարձակալության հանձնված հողատարածքը, գույքը համայնքապատկան չէ, ՓԲԸ-ի՝ սեփականություն հանդիսացող տարածքն է, որը ընկերությունն իր կանոնադրության համաձայն իրավունք ունի վարձակալության հիմունքներով հանձնել որեւէ ընկերության կամ անհատ ձեռներեցի՝ ստանալով լրացուցիչ եկամուտ, ինչը խրախուսվում է պետության կողմից, երբ շահույթ հետապնդող պետական ֆինանսավորում ստացող կառույցը լրացուցիչ մուտքեր է ունենում։ Ամենամսյա վարձավճարը, որը անհատ ձեռներեցը փոխանցում է Գյումրու բժշկական կենտրոնի հաշվեհամարին, 80 հազար ՀՀ դրամ է՝ ներառյալ բոլոր հարկատեսակները։ Ըստ պայմանագրի՝ կոմունալ բոլոր տեսակի ծախսերը կատարում է վարձակալը։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, պայմանագրի ժամկետի ավարտ նշվում է 2020 թվականի մայիսի 12-ը։ Մարզպետի գրառումից հետո անորոշ ժամանակով վճարովի կանգառը եւս դարձել է անվճար: Սակայն անհատ ձեռներեցի լիազոր ներկայացուցիչը պատրաստվում է հունիսի 28-ին հարցը քննարկել Շիրակի մարզպետի հետ: Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանելու է իր իրավունքները: «Բանավոր պայմանավորվել ենք, որ պետք է հանդիպենք, խորհրդակցենք: Մեր աշխատանքը օրենքով է, բոլոր հարկային պարտավորությունները կատարում ենք, բոլոր փաստաթղթերը ունենք: Սա Շիրակի մարզի միակ ավտոկայանատեղին է եղել, որ ՀԴՄ-ով է աշխատել: Մարզպետը խնդրանքով դիմել է, մենք խնդրանքը չենք մերժել, անվճար ենք դարձրել, բայց բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, որ սա վարձակալած տարածք է, մենք դեռ երկու տարի ժամկետ ունենք: Հիմա աշխատող կա, որը կարգավորում է մեքենաների մուտքն ու ելքը: Ես հիմա հստակ բան չեմ կարող ասել, որովհետեւ ամեն ինչ պարզ է դառնալու մարզպետի հետ հանդիպումից»,- ասաց Ա/Ձ-ի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը: Վերջինս չի կարծում, որ բանը հասնելու է նրան, որ հարցը դատական ատյանում լուծվի, բայց եւ ընդգծում է, որ իր բիզնեսն օրինական դաշտում է: Շիրակի մարզպետը ՀԺ-ին փոխանցեց, որ հարցի կարգավորումը դեռ քննարկման փուլում է: «Ես հորդորել եմ, որ այդ վճարովի կանգառը չգործի, իսկ թե ինչ պայմանավորվածության արդյունքում չի գործելու, դա արդեն ԲԿ-ն եւ Ա/Ձ-ն իրենք են պայմանավորվել իրար մեջ»,- ասաց մարզպետը: Ստեղծված աղմուկի շուրջ ֆեյսբուքում գրառում էր կատարել փաստաբան Արամայիս Հայրապետյանը եւ նշել էր, որ մարզպետի այդ քայլը վարձակալի իրավունքների խախտում է: «Սույն դեպքում մարզպետի իրավասությունների տիրույթում չի այս հարցը, քանի որ առկա է վարձակալության պայմանագիր եւ մարզպետը չի կարող ուղղակի որոշել՝ կողմերի փոխարեն։ Դա նվազագույնը վարձակալի իրավունքների խախտում է»,- մասնավորապես, գրել էր նա: Փաստաբանի ահազանգի վերաբերյալ Կարեն Սարուխանյանն ասաց. «Խախտումն արձանագրելուց առաջ, թող այդ փաստաբանը երկու կողմերի հետ հանդիպեր: Ես չեմ խախտում որեւէ մեկի իրավունքները: Իմ ցանկությունն է, որ դա չլինի վճարովի: Երկու կողմերը կքննարկեն եւ հարցը կլուծեն իրավական հարթությունում: Դա եղել է իմ հորդորը, քանի որ Գյումրիում կան ավտոկայանատեղիներ, որոնք անօրինական գումար են հավաքում, երբ այդ մասին խոսում ենք, ասում են՝ տեսեք Գյումրու ԲԿ-ում էլ կա եւ շատերը չեն հասկանում, որ դա մասնավոր տարածք է եւ ընկերությունը իրավունք ունի վարձով տալու: Որպեսզի այդ դժգոհությունները չլինեն, ես հորդորում եմ, որ ամբողջը վերացնեն»,- ասաց Սարուխանյանը: Վճարովի կանգառներին մի քանի օր առաջ անդրադարձել էր նաեւ Գյումրու քաղաքապետարանը: Տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ 2016 թվականի հունվարի 1-ից քաղաքի ամբողջ կայանատեղիները դարձել են անվճար: «Որոշումն ուժի մեջ է, բայց քաղաքապետարանի հետ բացարձակ առնչություն չունեցող մարդիկ մինչ օրս ապօրինի գումարներ են գանձում վարորդներից»,- ասված է հայտարարությունում: Քաղաքապետարանի հայտարարությունն այն մասին էր, որ Գյումրու Վարդանանց հրապարակում եւ Հաղթանակի փողոցում կան անձիք, ովքեր տարածքը տնօրինում են եւ եկամուտներ ստանում: ՀԺ-ի տեղեկություններով՝ այդ տարածքները կրկին շարունակում են վճարովի կանայատեղի հանդիսանալ, սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի կարողանում իր իսկ որոշմամբ նրանց դեմն առնել, մեղմ ասած՝ նա այդքան «դուխ» չունի: Բանն այն է, որ այդ տարածքները «տնօրինում է» կրիմինալ պատմություններով հայտնի Վարդան Ղուկասյանի որդին: Շիրակի մարզպետն այս մասով նշեց. «Ես հանդիպել եմ այդ տարածքի ստայանշիկների հետ եւ այդ մարդիկ եկել բողոքում էին, բայց շատ լավ հասկանում են, որ անօրինական են: Ես ասել եմ, որ գնացեք ավագանու հետ ձեր հարցերը կարգավորեք, որովհետեւ, եթե կա ավագանու որոշում, որ վճարովի ավտոկայանատեղի չի լինելու, ուրեմն չի լինելու»,- նշեց նա: Այժմ ստացվում է, որ Գյումրու ԲԿ-ն, որի տարածքը համայնքապատական չէ, ենթարկվում է Գյումրու ավագանու 2015-ի որոշմանը, իսկ Գյումրու բուն տարածքները, որոնք համայնքապատկան են, անտեսում են քաղաքապետի որոշումը՝ կրիմինալ դրեւորումների պատճառով:

armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր