00:00:00

Նա դատապարտվելուց հետո արդարացվել է. Ավինյանի գրասենյակը՝ Հովիկ Աբրահամյանի օգնականի նշանակման մասին

15:14, 07 հունիս 2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնական Գեորգի Մուրադյանին Ավինյանին խորհրդական նշանակելու վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ քաղաքացիներ, տեղյակ ենք, որ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նշանակումը սոցիալական ցանցերում եւ մամուլում որոշակի քննարկումների եւ մտահոգությունների առիթ է դարձել: Ուսումնասիրել ենք նաեւ մամուլի անդրադարձը Գեորգի Մուրադյանի կենսագրությանը, մասնավորապես՝ նրա ենթադրյալ առնչությանը թմրանյութերի մաքսանենգության հետ: Այս առիթով մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տեղեկատվության ոչ համակողմանիության կապակցությամբ: Հրապարակումներից որեւէ մեկում մենք չենք տեսել այն փաստի արձանագրումը, որ Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ: Թեեւ Մուրադյանը 2007 թվականին հարուցված թմրանյութերի մաքսանենգության գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննության ընթացքում որեւէ ապացույց չգտնելով՝ մեղադրանքի էությունը փոխվել է, եւ նրան առաջադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանք: Եվ հենց այդ մեղադրանքով է մեղադրական կողմը ներկայացել դատարանում: Հինգ ամիս եւ տասն օր տեւած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման եւ ազատ արձակվել դատարանի դահլիճից: 2008 թվականին նա բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում եւ արդարացվել: Այս բոլոր փաստերն անտեսված են մամուլի առկա հրապարակումներում: Թեեւ մեր գրասենյակը եւ պարոն Մուրադյանը գիտակցում են, որ պաշտոնատար անձը, էթիկայի նորմերով պայմանավորված, առավել լայն հանդուրժողականություն պիտի ցուցաբերի քննադատություններին, սակայն, եթե հարցը դիտարկենք իրավական տեսանկյունից, կա ուժի մեջ մտած վճիռ, որով Մուրադյանն արդարացվել է: Իսկ եթե հարցը դիտենք իրավական հարթությունից դուրս, ապա առանցքային նշանակություն ունի հիշյալ գործի քննության ժամանակաշրջանը, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը հենված չի եղել արդարության սկզբունքի վրա: Գործի քննության մեջ տեղ գտած բազմաթիվ հակասությունների համատեքստում որեւէ միանշանակ գնահատական օբյեկտիվ համարվել չի կարող: Փաստերի ոչ համակողմանի ներկայացումն ու ոչ պատշաճ վերլուծությունը օբյեկտիվորեն կարող էին եւ հանգեցրել են հանրային բացասական ընկալումների: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարել հանդես գալ այս հայտարարությամբ: Ինչ վերաբերում է Գեորգի Մուրադյանի` խորհրդականի պաշտոնում նշանակման նպատակահարմարությանը, նշենք, որ պարոն Մուրադյանը ունի համակարգի տարբեր օղակներում աշխատելու հարուստ փորձառություն, իր ջանքերով հիմնադրվել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը եւ լուծել իր առջեւ դրված խնդիրները բազմազգ այդ տարածաշրջանում` արժանանալով բոլոր կողմերի վստահությանը, ունի բանակցային դրական որակներ, լավ է ճանաչում պետական կառավարման համակարգն իր կառուցվածքով եւ պատմությամբ, ուստի նրա խորհրդատվությունը անհրաժեշտ է նոր կառավարությանը որոշումների կայացման հարցում: Շնորհակալություն ենք հայտնում վստահության եւ մեր գործունեության նկատմամբ ցուցաբերած մանրակրկիտ ուշադրության համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր