00:00:00

2 անձանց պարագայում բուժանձնակազմը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները տեղում․ նախարարություն

17:56, 26 նոյեմբեր 2026 Իրավական

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությունն անդրադարձել է շրջանառվող լուրերին Խարբերդի մանկատանն այս տարվա ապրիլին գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։

«Խարբերդի խնամքի կենտրոնում բնակվում են տարբեր, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներով անձինք և նման կենտրոններում ցավալիորեն հնարավոր են մահվան դեպքեր:

Նման դեպքերում մենք սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում ենք համապատասխան իրավապահ մարմիններին։ Այնուամենայնիվ, արձագանքելով լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութում հիշատակված որոշ դրվագների, նախ տարակուսելի է, թե ինչու է ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին հրապարակումը արվում միայն նոյեմբերին։

Ուզում եմ նաև նշել, որ կենտրոնում գործում է 24-ժամյա բուժծառայություն՝ հերթապահ բժիշկների և բուժքույրերի միջոցով, ովքեր իրականացնում և կազմակերպում են պատշաճ բժշկական օգնության տրամադրումը, ինչպես տեղում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, պացիենտին հասպիտալացնելիս:

Նշված 2 անձանց պարագայում, բուժանձնակազմը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները տեղում, այնուհետ՝ նույն օրը, առանց ուշացման, տեղափոխել է բժշկական կենտրոն: Տեղի ունեցածի բոլոր մանրամասները անմիջապես փոխանցվել են իրավապահ մարմիններին․ տեղի կունենա պատճաշ քննություն և դեպքի բոլոր մանրամասները ըստ այդմ կպարզաբանվեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություններ է ստացել, որ ամիսներ առաջ գրանցվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակվող 4 անձանց մահվան դեպք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու նշված խնամքի կենտրոնում կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են այդ կենտրոնի տնօրինությանը, որ այնտեղ բնակվող 5 անձինք առողջական ծանր վիճակում են, և չնայած մի քանի անգամ տրված նախազգուշացումներին, նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն զգուշացումներից երեք օր անց, ինչից հետո նրանցից երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Ըստ հրապարակման՝ պարզվել է նաև, որ ապրիլի 8-ին նշված խնամքի կենտրոնից Երևանի մասնագիտացված կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 24-ամյա Արթուր Մ.-ն և 35-ամյա Հասմիկ Վ.-ն, որտեղ նույն օրը Արթուր Մ.-ն մահացել է, իսկ օրեր անց մահացել է նաև Հասմիկ Վ.-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր