COP31-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիելի, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերի և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի գործադիր քարտուղար Յասմին Ֆուադի հետ։
Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցության և սիներգիայի ամրապնդման կարևորությունը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը և հողերի դեգրադացումը փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ են համադրված և փոխլրացնող գործողություններ
Նախարարը կարևորել է անտառների վերականգնման, հողերի կայուն կառավարման և ջրային էկոհամակարգերի պաշտպանության ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք միաժամանակ նպաստում են երեք կոնվենցիաների նպատակների իրականացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև այս մոտեցումների՝ ազգային ծրագրերում արտացոլման անհրաժեշտությանը՝ ստանձնած հանձնառությունների արդյունավետ իրականացման, բնության պահպանության և համայնքների բարեկեցության ապահովման նպատակով։