ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ, անդրադարձել իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին։
Նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին՝ մասնավորապես պահման պայմաններին, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրված դեպքերին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։
Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։

