Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Պոպովին դատապարտել է 15 օրվա վարչական կալանքի և Վրաստանից արտաքսման, երբ հաստատվել է, որ նա պատշգամբից միզել էր բնակելի համալիրի տարածքում գտնվող սրճարանում նստած մարդկանց վրա, հաղորդում է «Грузия Онлайн»-ը:
Նրան միաժամանակ երեք տարով արգելել են մուտքը երկիր։
Պոպովն ընդունել է իր մեղքը և զղջացել կատարվածի համար։ «Խոստանում եմ ձեզ, որ նման բան այլևս չի կրկնվի»,- հայտարարել է նա դատական նիստում։
Ռուսաստանի քաղաքացու պատմելով՝ ինքը ընկերոջ տանը հյուրընկալության էր և հարբած է եղել։ Նա պնդել է, որ ցանկացել է օգտվել զուգարանից, սակայն այն զբաղեցրել էր ընկերոջ հղի կինը։ Դրանից հետո Պոպովը, իր ասելով, «կատարել է այն արարքը, որն իրեն մեղսագրում է ՆԳՆ-ն»։
Ռուսաստանի քաղաքացին դատարանին հայտնել է նաև, որ Թբիլիսիում բնակարան ունի և այժմ զբաղված է դրա վերանորոգմամբ։ Նա խնդրել է թույլ տալ իրեն մնալ Վրաստանում՝ աշխատանքներն ավարտելու համար:
Դատավոր Տորնիկե Կապանաձեն նշել է, որ մեղքի խոստովանությունը և զղջալը մեղմացուցիչ հանգամանքներ են։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Պոպովի բացատրությունը նորմալ հասարակությունում չի կարող ծառայել որպես նման արարքի արդարացում:
Պոպովին ձերբակալել էին նախօրեին Թբիլիսիում: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օրթաճալա թաղամասում. տղամարդը պատշգամբից միզել էր բնակելի համալիրի տարածքում տեղակայված սրճարանի այցելուների վրա:
Ռուսաստանի քաղաքացուն ենթարկել են վարչական պատասխանատվության Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 171-րդ հոդվածներով: