Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ապօրինի գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը՝ արձանագրելով, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։
Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։
Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ավելի հեռուն գնալ և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև ԳՀԽ անդամների մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։ Գործը Երևանում մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ դիմել է
Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի պարզման նպատակով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ:
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Ընդ որում, իրավապահներն այս խափանման միջոցները կիրառել են՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ՝ փորձելով տապալել այն։ Այդուհանդերձ, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ։