Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին Հայաստանն ընդլայնում է Իրանի հետ ունեցախ էներգետիկ համագործակցությունը։ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը և ենթակառուցվածքների նկատմամբ «Գազպրոմի» վերահսկողությունը էներգետիկ անկախացման ուղին դարձնում են շատ ավելի բարդ, քան թվում է։ Այս մասին գրում է Deutsche Welle-ը։
Հուլիսի վերջին Հայաստանն ու Իրանը պայմանավորվեցին ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» երկարամյա ծրագիրը։ Հայաստանի էներգետիկ ոլորտում ռուսական գազը գերիշխում է (շուրջ 84%), իսկ իրանականը փոքր բաժին ունի (15–16%), փոխանցում է DW-ն։ Այս քայլով Երևանը փորձում է այլընտրանք գտնել ռուսական վառելիքին։ Սակայն Իրանի հետ համագործակցող երկրների դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի նոր սպառնալիքները կարող են վտանգել Հայաստանի ծրագրերը։ Այս աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին հարց է առաջանում․ արդյո՞ք իրանական գազը կարող է իրական այլընտրանք դառնալ ռուսական մենաշնորհին։
Այս հարցը հատկապես սուր է դառնում Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցման, ինչպես նաև գազի մատակարարման պայմանները վերանայելու մասին Ռուսաստանի զգուշացումների ֆոնին։ Ռուս պաշտոնյաներն արդեն հասկացրել են, որ 2013 թվականին համաձայնեցված արտոնյալ գները հավերժ չեն և կարող են բարձրանալ։ Մայիսի վերջին Հայաստանը պաշտոնապես հաստատեց, որ Ռուսաստանից նամակ է ստացել, որտեղ նշվում է 2013-ի համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու հնարավորության մասին (որը վերաբերում է գազին, նավթամթերքին և չմշակված ալմաստներին)։
Էներգետիկ անկախության հասնելու Երևանի ձգտումը տեղավորվում է տարբեր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչև պաշտպանություն, գործընկերների շրջանակն ընդլայնելու իշխանությունների վարած քաղաքականության մեջ։ Այնուամենայնիվ, Իրանի ընտրությունը հարցեր է առաջացնում շատ փորձագետների մոտ։ Իրանը գտնվում է միջազգային խիստ պատժամիջոցների տակ, ինչը տեսականորեն կարող է խոչընդոտել ենթակառուցվածքային խոշոր ներդրումներին։ Չնայած դրան՝ Հայաստանում այս հարցին նայում են պրագմատիկորեն։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելու պայմաններում (ինչը Ղարաբաղյան հակամարտության հետևանքն է և այս հարցում Բաքվի հետ Անկարայի կոշտ համերաշխության արդյունքը), Հայաստանը մեծ ընտրություն չունի։ Հարևան Վրաստանի հետ մեկտեղ Իրանը մնում է դեպի արտաքին աշխարհ քիչ պատուհաններից մեկը և հուսալի տարածաշրջանային հարևան։
Չնայած իրանական գազի ներկրման ավելացման մասին որոշումն ընդունվում է Ռուսաստանի հետ տարաձայնությունների խորացման ֆոնին, հայկական իշխանությունները հորդորում են դրանում Մոսկվային ուղղված ուղերձ չտեսնել։ «Այս որոշումը կապված չէ որևէ այլ երկրի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Խոսքը երկկողմանիորեն փոխշահավետ տնտեսական գործունեության մասին է»,- հուլիսի վերջին Թեհրան կատարած այցի արդյունքներով հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Թեև Հայաստանի իշխանությունները կոչ են անում դեռևս չանհանգստանալ ռուսական գազի հնարավոր թանկացման պատճառով, տեղական փորձագիտական և քաղաքական շրջանակներում նման սցենարը շատ հավանական են հնչում։ Կան նաև այնպիսի կարծիքներ, որ ձմռանը Մոսկան կարող է կտրուկ բարձրացնել սակագները և քաղաքական ճնշում գործադրել Երևանի վրա։
Այս մտավախություններն ապարդյուն չեն։ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման և եվրոինտեգրման կուրսի ուժեղացմանն ի պատասխան (ընդհուպ մինչև դրա օրենսդրական ամրագրումը), ռուսական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ արգելափակում է հայկական գյուղմթերքի ներկրումը։ Դե ֆակտո Մոսկվան պահանջում է մինչև դեկտեմբեր կողմնորոշվել աշխարհաքաղաքական վեկտորի հարցում՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ։ Ռուսաստանի համար հայկական բազմավեկտորայնությունն անընդունելի է, սակայն Երևանը չի շտապում կոնկրետացնել իր գործողությունները։ Հայաստանի իշխանությունները հասկացնում են, որ միությունների միջև ընտրությունը կկատարվի հանրաքվեով միայն այն դեպքում, եթե Եվրոմիությանն անդամակցելու հեռանկարը բացարձակապես ակնհայտ դառնա։
Մատակարարումների ավելացման տեխնիկական հնարավորությունները բախվում են ենթակառուցվածքային լուրջ սահմանափակումների։ 2009 թվականին գործարկված Իրան-Հայաստան գազամուղն այսօր չի օգտագործում է իր ողջ հզորությունը։ Դրա թողունակությունը կազմում է տարեկան մոտ երկու միլիարդ խորանարդ մետր, սակայն խողովակաշարի հայկական հատվածը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը (ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը)։ Վերջինս ոչ միայն մենաշնորհ ունի Հայաստան ռուսական գազի ներկրման հարցում, այլև տիրապետում է երկրի ներսում գտնվող ողջ բաշխիչ ցանցին։
Բացի այդ, բարտերային սխեմայով գազի ներկրման ավելացումը (1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հաշվարկով) անհնար է առանց 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ գծի (ԷՀԳ) շահագործման։ Դրա շինարարությունը սկսվել է դեռևս 2006 թվականին և վերածվել իսկական երկարաձգված նախագծի։ Նախարար Խուդաթյանի խոսքով՝ նոր ենթակառուցվածքը թույլ կտա առնվազն կրկնապատկել փոխանակման ծավալները։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ աշխատանքները կհաջողվի ավարտին հասցնել մինչև ընթացիկ՝ 2026 թվականի վերջը։
Եթե ԷՀԳ նախագիծը հաջողությամբ ավարտվի, Հայաստանը, իշխանությունների գնահատմամբ, կկարողանա Իրանից տարեկան ստանալ մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ։ Սակայն դեռևս հստակ չէ, թե որքանով դա գործնականում կնվազեցնի Ռուսաստանից ունեցած կախվածությունը։ Բանն այն է, որ այդ ծավալների մեծ մասը չի մտնի ներքին շուկա, այլ կուղղվի էլեկտրաէներգիայի արտադրությանը, որն անհրաժեշտ է դեպի Իրան արտահանման ծավալները կրկնապատկելու համար։
Իրանագետ Գեորգի Միրզաբեկյանը նշում է, որ Իրանտ լուրջ խնդիրներ ունի ներքին գազամատակարարման հետ։ «Ձմռանը Թեհրանը պարբերաբար վառելիքի դեֆիցիտ է ունենում ցուրտ հյուսիսային նահանգներում (այն դեպքում, երբ արդյունահանումը կատարվում է հարավում) և ստիպված է լինում երբեմն դիմել Թուրքմենստանից ներկրմանը։ Հետևաբար, սպառման ձմեռային պիկերի շրջանում արտահանումը կայունորեն ավելացնելու Իրանի կարողությունը հարցականի տակ է մնում»,- պարզաբանում է փորձագետը։
Գնային գործոնը նույնպես չի կարելի հաշվի չառնել։ Այսօր Հայաստանը սահմանին ռուսական գազը գնում է արտոնյալ գնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց մոտ 177 դոլարով։ Իրանական գազը, ինչպես նշում է իրանագետ Միրզաբեկյանը, միջազգային շուկաներում ավելի թանկ է, իսկ դրա ջերմատվությունը միջինում 8%-ով ցածր է ռուսականից։ «Ուստի նոր գործարքում գնագոյացման պայմանները վճռորոշ նշանակություն կունենան, թեև դրանք կարող են մեղմացվել քաղաքական պայմանավորվածություններով»,- կարծում է նա։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուշադրություն է հրավիրում ուղղակի ներկրման երկու հիմնական խոչընդոտների վրա՝ սակագների տարբերությանը և ֆինանսական սահմանափակումներին։ Նրա խոսքով, եթե Երևանը որոշի գազ գնել ներքին կարիքների համար (գործող բարտերային սխեմայից զատ), կպահանջվի նոր համաձայնագիր, որտեղ առանցքային խնդիրը կդառնա վառելիքի արժեքը։ «Արտահանման ժամանակ Իրանն ավանդաբար կողմնորոշվում է բորսայական գնագոյացմամբ, իսկ այժմ միջազգային շուկաներում գազը վաճառվում է 400–500 դոլարի սահմաններում։ Դա բազմակի անգամ գերազանցում է Ռուսաստանից մատակարարումների արժեքը՝ 177 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց»,- պարզաբանում է փորձագետը։
Բացի այդ, Պարսյանը նշում է լուրջ տեխնիկական խոչընդոտ․ «Ներկրման դիմաց վճարումների իրականացումը կարող է մարտահրավեր դառնալ Հայաստանի համար, քանի որ իրանական բանկերն ու նավթագազային ընկերությունները գտնվում են խիստ միջազգային պատժամիջոցների տակ»։
Հաշվարկների և նոր ուղղակի պայմանագրերի կնքման հետ կապված իրավիճակը կարող է ավելի բարդանալ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների լույսի ներքո։ Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ լայնամասշտաբ տնտեսական պատերազմ սկսելու մասին։ Սպառնալով «կործանարար պատժամիջոցներ» կիրառել Իրանի հետ առևտրով զբաղվող երկրների նկատմամբ, Վաշինգտոնը Երևանի համար բարտերային սխեմայից դուրս էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարը կապում է աննախադեպ ռիսկերի հետ։
Փորձագետների կարծիքով՝ Թեհրանի հետ բանակցությունների ակտիվացումը Երևանին թույլ կտա լրացուցիչ լծակներ ստանալ Մոսկվայի հետ երկխոսությունում։ Հայկական շուկայում «Գազպրոմի» մենաշնորհը առաջիկայում կպահպանվի, սակայն գործող այլընտրանք ունենալը Երևանին ավելի մեծ ճկունություն է տալիս և նվազեցնում «գազի փականով» քաղաքական ճնշման ենթարկվելու ռիսկերը։
Արևմուտքի հետ Երևանի մերձեցման և Մոսկվայի հետ տարաձայնությունների ֆոնին էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումը դիտվում է որպես երկրի ներքին կայունությունը բարձրացնելու քայլ։ «Իրանից գազի ներկրման ընդլայնումն առաջին հերթին էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու միջոց է, այլ ոչ թե ՌԴ-ի դեմ ուղղված քայլ,- նշում է Սուրեն Պարսյանը։— Աղբյուրների դիվերսիֆիկացումը ցանկացած փոքր տնտեսության համար նվազեցնում է մեկ մատակարարից կախվածությունը և ուժեղացնում բանակցային դիրքերը»։
Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ Հայաստանի գազային ենթակառուցվածքը պատկանում է ռուսական «Գազպրոմին», որի պատճառով Իրանից ներկրման ավելացումն ինքնին դեռ չի նշանակում շուկայի լիարժեք անկախացում։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ իրանական ուղղությամբ Հայաստանի ակտիվացումը ոչ թե «քաղաքական քարտ» խաղարկելու փորձ է, այլ հնարավոր ճգնաժամերին դիմակայելու փորձ։ «Ես սա կանվանեի արտակարգ իրավիճակներին պատրաստվելու փորձ»,- ընդգծում է փորձագետը՝ հավելելով, որ ռուսական գազից կախվածությունը թուլացնելու այլ լծակներ չունենալով՝ հայկական իշխանություններն իրանական տարբերակը դիտարկում են որպես հնարավոր ճնշումը մեղմելու միջոց։
Նույնիսկ լավագույն սցենարի դեպքում (օրինակ՝ Իրանից ներկրվող գազի կրկնապատկումը) Հայաստանը չի կարողանա ամբողջությամբ ձերբազատվել խոցելիությունից։ «Էներգետիկ ոլորտը, հատկապես գազամատակարարումը, ամենաբարդն է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու առումով,- պարզաբանում է Գրիգորյանը։— Նույնիսկ Եվրոմիության կամ արևմտյան գործընկերների աջակցության դեպքում, գազամատակարարումը թերևս միակ ոլորտն է, որտեղ Հայաստանը արագ ու միջնաժամկետ լուծումների կարիք ունի»։