Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավագյանը և կրտսեր պարեկ Հարություն Ավետիսյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։