Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ատոմ Զուրաբյանի գլխավորությամբ, Ստեփանավան քաղաքում կանխել են կնոջ ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ մի կին Ստեփանավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի Բալայանի անվան կամրջից, պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով։
Փրկարարները, ցուցաբերելով օպերատիվություն և գրագետ աշխատանք, կարողանում են կանխել կնոջ ծայրահեղ քայլը, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ նրան տեղափոխում են ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը, ում փրկել են փրկարարները, ազգությամբ ռուս Իրինա Պ.-ն է։