Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում «Այրվածքաբանության ազգային կենտրոնից» տեղեկություն է ստացվել, որ Սարյան 18 հասցեում կաթսայի պայթյունի հետևանքով դեմքի, զույգ ականջների, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Սուրեն Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նա աշխատանքներն իրականացրել է ոչ աշխատանքային ժամի և չի կրել պաշտպանության միջոց հանդիսացող հանդերձանքը, իսկ վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ կաթսան վերանորոգելու նպատակով այցելել է նշված հասցե, որտեղ տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն, և ստացել է այրվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։