ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին։
Նախարար Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։
ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին, իր հերթին, վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը։