Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վիրապ Ասատրյանը և Արև Տեր-Դավթյանը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օհանով փողոցի 26/1 հասցեի դիմաց 33-ամյա Բեգլար Մ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում և այրվել է հեղուկ գազի բալոն։Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն, իսկ հրդեհի հետևանքով վարորդն այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել։