Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։ Այն հանգամանքը, որ որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ և հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։
Զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետև նա համաձայնել է «ուսումնասիրել» («look into»), թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Հայաստանի վարչապետ ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ձևացող անձը պատասխանել է, թե «դիտարկում է բոլոր հնարավոր ճանապարհները»։ Նա խնդրել է գլխավոր քարտուղարի աջակցությունը այն դեպքում, եթե այդ քայլը որևէ հանրային քննադատության արժանանա, ինչին գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ» («OK, I’ll do my best, I’ll try»)։ Զրույցի որևէ փուլում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ կրոնական առաջնորդի հարկադիր հեռացումը պետության կողմից կխախտի հենց այն հիմնարար ազատությունները, որոնց պաշտպանությանն է կոչված ԵԱՀԿ-ն։
1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը»։ Այդ հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու ազատությունը հանդիսանում են այդ երաշխիքի առանցքային բաղադրիչները։ Քանի որ գլխավոր քարտուղարին վերապահված է այդ հանձնառության պահպանման պատասխանատվությունը, նա նույնիսկ զուսպ աջակցություն չպետք է ցուցաբերի այնպիսի կառավարության, որը տրամադրված է պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականի վեճի սովորական կողմ չէ։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է որպես նրա «բացառիկ առաքելություն»։ Ի տարբերություն գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտել է կատարել հենց այդ Սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի սահմանադրական կարգը։
Հետևաբար՝ մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին՝
● հրապարակայնորեն պարզաբանել և չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը կամ որևէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ ներքին կառավարմանը,
● վերահաստատել ԵԱՀԿ հանձնառությունը Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության պաշտպանության նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,
● երկխոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ, նրա հոգևորականների և հավատացյալների իրավունքները լիարժեք պաշտպանությունը։
Մենք պատրաստակամ ենք հանդիպել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և մեր մտահոգությունները, և շարունակելու ենք ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործունեությանը։ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը։ Հրապարակված արտահայտությունների վկայությամբ՝ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս քննությունը և այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը։
Ջոն Այբներ Նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն
Յան Ֆիգել, Նախագահ, Եվրոպայում կրոնի ազատության ֆորում
Ռաֆայել Իշխանյան Նախագահ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
Սիրանուշ Սահակյան Նախագահ, Հայաստանի հելսինկյան կոմիտե