ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը անհրաժեշտ է համարում հավելյալ պարզաբանմամբ հանդես գալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդության քննության համար հրավիրված ԿԸՀ արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ։ Քիչ առաջ Հովակիմյանը պարզաբանում է տարածել ու հատուկ շեշտել է՝ իրենք չեն մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունը, պարզապես այն վերադարձրել են դատախազությանը։
Հովակիմյանի պարզաբանումը՝ ստորև․
«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել․
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։
Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»։