Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավված լինելու հնարավորությունից զրկելը և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական ապացույցը, որ իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակը, հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ըստ նրա՝ սա հերթական անգամ խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար։
«Նախ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ իշխանությունը կործանում է Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Երբ միջազգային ներդրողները տեսնում են, թե ինչպես են Հայաստանում իրավական մեխանիզմներն օգտագործվում գործարարների նկատմամբ ճնշումների համար, ինչպես է կասկածի տակ դրվում սեփականության իրավունքի պաշտպանությունը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում որևէ լուրջ ներդրող չի ցանկանա իր կապիտալը բերել Հայաստան։
Այնուհետև միջազգային մարզական հանրության առաջ խայտառակվեց Հայաստանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության կասեցմամբ։
Այսօր նույն իշխանությունը հերթական հարվածն է հասցնում արդեն Հայաստանի իրավական համակարգի հեղինակությանը՝ փորձելով փաստաբանին զրկել իր վստահորդին պաշտպանելու իրավունքից։
Փաստաբանին վարույթից հեռացնելու նպատակով նրան որպես վկա ներգրավելը հակասում է արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է վաղը վերաբերել ցանկացած քաղաքացու։ Իրավական անգրագիտության և քաղաքական նպատակահարմարության այս համադրությունը ծանր հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, որի հետևանքները դեռ երկար են զգացվելու։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը, ապա որևէ կասկած չունենք, որ այն չունի իրավական հիմք և պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Վստահ ենք՝ ճշմարտությունը հաղթելու է, Գագիկ Ծառուկյանն անմեղ է և լինելու է ազատության մեջ»,- նշել է Տոնոյանը։