Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդեռնիկովը հայտնել է, որ իրավապահ մարմինները ստուգայցեր են իրականացնում դեֆիցիտային բենզինի պաշարներ կուտակած տեղացիներին հայտնաբերելու նպատակով։ Խախտողների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ (ՌԴ ՎԱԶՕ 20.4 հոդվածով), որոնցով նախատեսված տուգանքի չափը 5-ից 15 հազար ռուբլի է։
«Մարզի համայնքներում, այդ թվում՝ առանձնատներում և ավտոտնակային կոոպերատիվներում, ստուգայցերը շարունակվում են։ Ստուգումների ընթացքում արձանագրվել են կոպիտ խախտումներ․ քաղաքացիներն ավտոտնակներում բենզինի մեծ պաշարներ են պահել, ինչը խստիվ արգելված է հակահրդեհային կանոններով», — հայտարարել է մարզպետը։ Վեդեռնիկովի փոխանցմամբ՝ բոլոր խախտողների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նա գրառմանը կցել է նաև սոցցանցերից արված սքրինշոթեր, որտեղ օգտատերերը գրել են, թե ինչպես են վառելիքի տարաներ պահում։
Պաշտոնյան պսկովցիներին կոչ է արել «ավտոտնակներում ու նկուղներում բենզին և այլ դյուրավառ հեղուկներ չպահել»՝ միևնույն ժամանակ պնդելով, թե մարզում վառելիքի հետ կապված իրավիճակը «աստիճանաբար կարգավորվում է»։ Չնայած դրան՝ հուլիսի 20-ի առավոտյան Վեդեռնիկովը գրել է, որ շրջանների մեծ մասում ԱԻ-95 տեսակի բենզինի հետ կապված «խնդիրներ կան»։ «Համայնքների մեծ մասում իրավիճակը դեռ բարդ է։ Ամենալարված վիճակն այն շրջաններում է, որտեղ գործում են միայն «Սուրգուտնեֆտեգազ»-ի լիցքավորման կայանները, ինչպես նաև ՎելիԿիե Լուկի քաղաքում, որտեղ մատակարարվող վառելիքի ծավալն ակնհայտորեն բավարար չէ», — նշել է նա։ Ավելի վաղ Պսկովի մարզի ԼՑԿ-ներում բենզինը սկսել էին բաց թողնել զույգ և կենտ օրերին՝ կախված մեքենայի պետհամարանիշից, իսկ կայանների մեծ մասում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել։
Վեդեռնիկովը հայտնել է, որ «Սուրգուտնեֆտեգազ»-ը կզբաղվի 95-րդ բենզինի վերաբաշխմամբ՝ հօգուտ այն համայնքների, որտեղ այլ ցանցային ընկերությունների լցակայաններ չկան կամ դրանց թիվը սահմանափակ է։ Սա առաջին հերթին վերաբերում է ՎելիԿիե Լուկիին և մարզի հարավային շրջաններին։ Նրա պնդմամբ՝ «Լուկոյլ»-ն իր հերթին վառելիքի վաճառքի սահմանաչափը մեկ անձի համար 30 լիտրից հասցրել է 40-ի։ Մինչ այդ նահանգապետը վառելիքի պակասի համար մեղադրել է «վերավաճառողներին»։
Ավելի վաղ, ուկրաինական զինուժի՝ նավթամշակման գործարաններին հասցված հարվածներով պայմանավորված վառելիքի սուր դեֆիցիտի պատճառով, Ռուսաստանի առնվազն 13 տարածաշրջանի լիցքավորման կայաններում սկսել են ոստիկաններից, Ռոսգվարդիայից և «ժողովրդական ջոկատայիններից» կազմված պարկեպահակային շրջայցեր ներդնել։ Իրկուտսկի մարզում իրավապահները նույնպես սկսել են ձերբակալել մարդկանց, որոնք, իշխանությունների պնդմամբ, փորձել են բենզինը վերավաճառել աստղաբաշխական գներով։ Հունիսի վերջին մեկ լիտր բենզինի գինը կազմել է 300 ռուբլի։