Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի խաչմերուկում, Նուբարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Մնացականյանն ու Մարիամ Սահակյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր և պայքարում են նրա կյանքի համար։