Երկուշաբթի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում և դրա մերձակայքում։ Հարձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դառնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
«Սրանք բնակելի շենքեր են։ Վայրեր, որտեղ մարդիկ քնել և ապրել են իրենց սովորական կյանքով», - հայտարարել է Տկաչենկոն։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և բնակիչներին կոչ է արել մնալ պատսպարաններում։
«Չկան բառեր, որոնք կարող են մեղմել այս ցավը», - նշել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը։
Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։