Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Կ.-ն «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ «Վեդի» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին՝ ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Գոռավան գյուղի գերեզմաններին հարակից խմելու ջրի բաշխիչ կայանի մոտ, ծորակը բացելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նույն գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Գոռ Ս.-ն, 42-ամյա Պետրոս Հ.-ն, 30-ամյա Արթուր Պ.-ն և 60-ամյա Զավեն Ա.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Խաչիկ Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
ԳՊետրոս Հ.-ն, Զավեն Ա.-ն, Արթուր Պ.-ն և Գոռ Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Ս.-ն և Պետրոս Հ.-ն աշխատում են որպես գյուղի ջրի բաշխիչներ։