Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Avatr» ավտոմեքենայի սեփականատերը, հունիսի 11-ին ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում գործող վճարովի ավտոկայանատեղիում (պարկինգ) և գործով մեկնել է արտերկիր։
Հունիսի 18-ին քաղաքացին վերադարձել է Հայաստան և հայտնաբերել, որ ավտոմեքենան վնասված է։
Պարզվել է, որ 2-րդ հարկի առաստաղից թափված քարի և գաջի կտորները վնասել են ավտոմեքենայի որոշ հատվածներ։ Մինչդեռ ավտոմեքենան քաղաքացին գնել է 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի սրահից, և երբ այն կայանել է «Զվարթնոց»-ի պարկինգում, գտնվել է անթերի, գործարանային վիճակում։
Հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի ցանկանում, կամ փորձում է օրեր շահելու միջոցով, քաղաքացուն փոխհատուցում չկատարել։ Մինչդեռ նա ոչ միայն պետք է փոխհատուցի վնասը, այլ, նոր, նույն մակնիշի ավտոմեքենա տրամադրի տուժած քաղաքացուն։ Սակայն դա անելու փոխարեն «Զվարթնոց»-ում ավելի շատ «ճառ» են ասում, քան փորձում են «զանգ» կախել։
Իրեն միջազգային ընկերություն համարող «Զվարթնոց» օդանավակայանը արդյո՞ք տեղյակ է, որ միջազգային օրենքներով իր այս քայլը սեփականատիրոջ նկատմամբ անարդար է։