Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ միջին ծանրության, 2-ն էլ՝ ծանր, կայուն վիճակում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բախման հետևանքով «Dodge»-ը և «Mercedes»-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։