Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծավալուն աշխատություն էր գրում կալանավայրում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին։ «Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հերթական հատվածը, «Սկսում ենք պատերազմի մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացնել` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ. Ա. Կյանքը պատերազմ է Բ. Պատերազմը հաղթանակի մասին է Գ. Պատերազմի էությունը Դ. Պպատերազմ և առաջնորդություն Ե. Ազգ- տաճար - ազգ - բանակ Զ. Պատերազմի դաշտը՝ հերոսների ծննդավայրն և մսուրը Է. Արդար պատերազմ (just war) Ը. Ամփոփում Պատերազմի մասին «Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» («Ո՞վ է փառքի այս Թագավորը, Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը») (Սաղմ. 23:8, Սբ Պատարագ): Քրիստոնեական ընկալմամբ և մարդաբանությամբ «Մարդու կյանքը պատերազմ է» (Եզնիկ Կողբացի) և պատերազմի թատերաբեմ` և' հոգևոր-անձնական իմաստով, և' կենցաղային-հասարակական առումով: Ըստ էության, այն ոչ թե պատերազմից խուսափելու, վախենալու կամ հեռացնելու մասին է, որը պարզապես անհնար է, այլ` այդ պատերազմի իրողությանը պատրաստված լինելու և այն ընդունելու, դրան դիմագրավելու, այն կառավարելու, այն վարելու, մարտը մղելու և հաղթելու մասին: «Տե'ր, որքան շատացան ինձ նեղողները և շատերն իմ դեմ ելան... Ես չեմ վախենում նրանց բյուրավոր զորքերից, որոնք շուրջս բոլորած պաշարել են ինձ» (Սաղմ. 3:1-7) և «Բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:7-8): Այս իրողությունը ամբողջական և լավագույնս ձևակերպում է Սբ. Գրիգոր Նարեկացին. «... Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս` Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց, Որ յիմումս անձին ցուցանի, Խռովութիւնս ամբոխից` Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր...» (Նարեկ ԲԱՆ Ա, Բ) (Առանց չափազանցելու կարելի է վկայել, որ «Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է): Շարունակելի... Բագրատ արք. Գալստանյան»;