Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության վերջին նիստում ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պահվածքը մինչ օրս շարունակում է քննարկումներիառարկա մնալ առողջապահական համակարգում։
Բանն այն է, որ թանգարանների մասին օրինագծի քննարկման ժամանակ Նանուշյանը ձայն խնդրեց և դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարեց, որ ցանկանում է կիսվել իր անձնական փորձառությամբ։
Պարզվեց՝ փոխնախարարի «փորձառությունը» կապված էր Ազգային պատկերասրահից կատարած գնումների հետ։ Նրա խոսքով՝ վերջերս այնտեղից գնել էր Արշիլ Գորկու պատկերով վերնաշապիկ և շատ գոհ էր դրա որակից
Հիշեցնենք, որ այս պաշտոնյայի անունը տարիներ շարունակ կապվել է առողջապահության ոլորտում վիճահարույց և քննադատությունների արժանացած գործընթացների հետ։ Նանուշյանը համարվում է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրի հիմնական պատասխանատուներից մեկը՝ մի նախաձեռնության, որի իրականացումը երկար ժամանակ ձգձգվեց, մինչև նախարար Անահիտ Ավանեսյանը ստիպված եղավ անձամբ ներգրավվել գործընթացում՝ այն առաջ մղելու համար։
Հ. Գ. Ի դեպ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառը Հայաստանում՝ կազմելով բոլոր մահերի 53 տոկոսը։ Միայն 2023 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է 12 հազար 973 մարդ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն. դրանք հազարավոր ընտանիքների ողբերգություններ են և առողջապահական քաղաքականության իրական գնահատականը։
30-79 տարեկան քաղաքացիների գրեթե կեսը տառապում է զարկերակային գերճնշմամբ, իսկ Հայաստանը շարունակում է ունենալ սրտանոթային հիվանդություններից մահացության աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը»։
Նանուշյանի անունը հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա որդին առողջական հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Միաժամանակ, առողջապահության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների գնահատմամբ, հենց նրա գործունեության տարիներին համակարգը վերածվել է իշխանության՝ ՔՊ-ի նկատմամբ ամենաքննադատական և ամենաընդդիմադիր տրամադրություններ ունեցող պետական ոլորտներից մեկի։