«Հրապարակ»․ թերթը գրում է ․ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Կապավոր» ՍՊԸ-ի հետ ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել։
Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է իրականացնել Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածի միջին նորոգման աշխատանքները, որը պետք է կատարվի 45 օրվա ընթացքում, իսկ շինարարության սկիզբը ապրիլի 15-ն էր սահմանված։ Աշխատանքի դիմաց ընկերությանը վճարվելու է 104 մլն 400 հազար դրամ։
«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Արման Հակոբջանյանը «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերն ու բիզնես-գործընկերը։ Նա Արցախում, ապա Հայաստանում բազմաթիվ ընկերություններ է հիմնել։ Նրան է պատկանում «Ասֆալտագործ» ԲԲԸ-ն, «Ասֆալտագործ» ՍՊԸ-ն, «Դղյակ Հոթել» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները հիմնվել են մինչև 2010թ-ը, Փաշինյանի կառավարման տարիներին էլ է նա մի շարք ընկերություններ հիմնել։ Մասնավորապես «Կապավոր» ՍՊԸ-ն, «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, «Կապավոր շին» ՍՊԸ-ն, «Պլատինիում գարդեն» ՍՊԸ-ն, «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն, «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ-ն, «Գազ սթրիմ» ՍՊԸ-ն, «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ-ն, «Գազ շեն» ՍՊԸ-ն և «Էկո տոպ» ՍՊԸ-ն։ Նա մի քանի տարի առաջ գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:
Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որի հիմնած 180 հա դեղձի այգին էր ապրիլին այցելել Նիկոլ Փաշինյանը։ Այցի ժամանակ Փաշինյանը հպարտացել էր, որ սուբսիդավորման ծրագրի շահառու է ձեռնարկատերը, իսկ Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածն իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։