«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքից հանվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների լուսանկարները։ Նրանք նախկին ոստիկանապետերն են, որոնց դեմքերով ճանաչում էին մարդիկ։
Նախկինում ոստիկանության պաշտոնական կայքում հասանելի էր տեղեկություն՝ համապատասխան լուսանկարներով, թե ով է, օրինակ, ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության պետը կամ Արարատի մարզային վարչության պետը։ Այլ կերպ ասած՝ քաղաքացիները, այցելելով ՆԳՆ պաշտոնական կայք, կարող էին ոչ միայն անուն-ազգանունով, այլև դեմքով ճանաչել մարզային և տարածքային վարչությունների ղեկավարներին։
Սակայն նախընտրական այս ժամանակահատվածում այդ լուսանկարները կայքից հեռացվել են։
Այս հանգամանքը հարցեր է առաջացնում՝ հատկապես այն հրապարակումների ֆոնին, որոնցում նշվում էր, թե ինչպես են Երևանի վարչական տարածքների, ինչպես նաև մարզային վարչությունների պետերը մասնակցում իշխանության հանրահավաքներին և անձամբ հետևում քաղաքացիների ու երկրի առաջին դեմքի հետ հանդիպումներին։
Արդյո՞ք լուսանկարների հեռացումը կապված է հենց այդ հրապարակումների հետ, որպեսզի նույնականացում չլինի։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՆԳՆ-ից պաշտոնապես մեկնաբանություն ստանալ։ Նախարարությունից, ի պատասխան, հայտնեցին․
«Ձեր նշածը բացարձակ անհեթեթություն է, քանի որ ՆԳՆ ոստիկանության նոր, ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է ամպային տիրույթում։ Նույն սկզբունքով են ստեղծվել, օրինակ՝ ՆԳՆ, ՓԾ, ՄՔԾ, ԲՏԱ, ՇՄՆ, ԱՆ, ՔԿԾ և այլ պետական կառույցների կայքերը»։
Այսպիսով, ՆԳՆ-ն լուսանկարների բացակայությունը կապում է նոր կայքի ձևաչափի և թվայնացման սկզբունքների հետ՝ հերքելով դրա քաղաքական ենթատեքստ ունենալու վարկածը։ Սակայն փաստը մնում է փաստ․ այն տեղեկությունը, որը նախկինում քաղաքացիների համար տեսանելի էր նաև լուսանկարներով, այժմ պաշտոնական կայքում այլևս այդ ձևաչափով ներկայացված չէ։ Իսկ փաստերն ավելի խոսուն են, քան արդարացումները»։