Այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է 50 ամյա մի տղամարդ։ Երեկ՝ մայիսի 25-ին ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 25-ին։ Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է, ում անունը Արտաշես է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան, ում անունը Կառլեն է։ Պատճառը եղել է, այն որ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքը ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է և այդ թեկնածուն նրա ուզածը չի, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել և Արտաշեսը դանակահարվել է»։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները պարզելու, տեղի բնակիչների հայտնած տեղեկությունը ճշտելու համար քրեական և համայնքային ոստիկանները ու քննիչները աշխատում են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտաշեսը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարկում։