Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Ուկրաինայի նախագահ Զելենսկու նախկին խոսնակ Յուլիա Մենդելը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացնում է սխեման, թե ինչպես Ուկրաինան ներքաշեցին Ռուսաստանի դեմ պատերազմ, Զելենսկուն հավատացնելով, հավաստիացնելով, որ այդ պատերազմում հնարավոր է հաղթել:
Ես բազմիցս անդրադարձել եմ այդ սխեմային, մեկ այլ բաղադրիչով: Մասնավորապես, ուշադիր հետեւում էի պատերազմին նախորդած ամիսներին ուկրաինական հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ կատարվող աշխատանքին: Դրանում հատկապես ակտիվ էին նաեւ Ռուսաստանից հեռացածծ լիբերալները, որոնք վստահեցնում էին ուկրաինական հանրությանը, որ պետք չէ վախենալ, որ Ռուսաստանը չունի Ուկրաինա ներխուժման բավարար ուժ, եւ այլն, եւ այլն:
Ի՞նչ վիճակում է հիմա Ուկրաինան: Տարածքով Եվրոպայի ամենամեծ երկրներից մեկը, ռեսուրսներով ամենահարուստ երկիրը, ամենաուժեղ ու մարտունակ զինուժ ունեցող երկիրը վերածվել է ըստ էության արտաքին պարտքի մեջ թաղված, ավերված ենթակառուցվածքներով, ծանր ու մաշող պատերազմից հյուծված բանանով ու տնտեսությամբ երկրի, որի բնակչությունը 40 միլիոնից հասել է մոտ 25 միլիոնի, ու դեռ կշարունակի նոսրանալ:
Ի՞նչ հարց է լուծվել դրանով: Դրանով լուծվել է մի էական հարց՝ եվրոպական քաղաքական քարտեզի վրա ոչնչացվել է ուկրաինական գործոնը որպես սուբյեկտային գործոն, որը կարող էր լուրջ գլխացավանք դառնալ թե Բրյուսելի, թե եվրաառաջատարների, թե հարեւան եվրոպական երկրների համար: Նրանք Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի, հանրագումարում՝ Ուկրաինայի «դեպոլիտիզացիայի» իրական եւ գլխավոր շահառուներն են եղել, որին իհարկե հասել են Ռուսաստանի ձեռքով: Եվ սա շարունակվում է: Եվ ինչու՞ եմ հիշատակում այս հանգամանքը:
Որովհետեւ, հատկապես այս ընտրական պրոցեսում տեսնում եմ «արեւմտամոլ» հասարակական-քաղաքական շրջանակների ակտիվ քարոզչություն, թե «Ռուսաստանը թղթե վագր է», որից պետք չէ ավելորդ զգուշանալ:
Այլ կերպ ասած, այն սխեման, որը փուռն է տալիս Ուկրաինային, հիմա կարծես թե որոշել են «էստաֆետով» տալ Հայաստանին են, ինչը իրականություն դառնալու դեպքում հետեւանքը ունենալու է մեկ տրամաբանություն՝ Հայաստանը տալ Ադրբեջանին, նրանից արդեն ստանալով դրա աշխարհաքաղաքական այսպես ասած «քեշ բեքը» իրենց համար: