00:00:00

Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ»

08:59, 09 մայիս 2026 Մամուլ

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը փաստացի հաստատում է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրավիճակն այնքան էր սրվել, որ իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցություններին։ Թեև գերատեսչությունը խուսափում է անդրադառնալ «արհեստական գործադուլի» և հնարավոր սաբոտաժի մասին հարցադրումներին, պատասխանից ակնհայտ է դառնում՝ հանքում առկա դժգոհությունները ստիպել են ընկերությանը վերանայել աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից փորձել էր պարզել, թե ինչ տեղեկություններ ունի գերատեսչությունը Ախթալայի հանքի շուրջ վերջին շրջանում շրջանառվող լուրերի վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավոր արհեստական գործադուլների և սաբոտաժի դրսևորումների մասին։

Ի պատասխան՝ նախարարությունը հայտնել է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ՏԿԵ նախարարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ընկերության աշխատակիցների և ղեկավար կազմի հետ։

Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։

Հիշեցնենք, որ 52 հանքափորները այս տարվա հունվարի 15-ից գործադուլ էին անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Հանքափորների աշխատավարձը գործարքային է, 150 հազարից 700-800 հազար դրամի կարող է հասնել։ Համեմատաբար բարձր վարձատրվող աշխատակիցները, սակայն, փաստում են՝ իրենց առողջության, մեկի փոխարեն երկու անգամ հանք մտնելու, ավելի երկար աշխատելու հաշվին է այդպես։

Փաստացի, իշխանությունները, փորձելով խուսափել սուր ձևակերպումներից, ընդունում են, որ հանքում առկա են եղել այնպիսի խնդիրներ, որոնք հանգեցրել են բողոքի ակցիաների և պետական միջամտության անհրաժեշտության։

Հատկանշական է նաև, որ նախարարությունը որևէ հստակ պատասխան չի տվել «արհեստական գործադուլների» և հնարավոր սաբոտաժի վերաբերյալ հարցին՝ նշելով միայն, որ հարցման որոշ կետեր իրենց իրավասությունների շրջանակում չեն գտնվում։

Հիշեցնենք, որ «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն գրանցվել է 2002 թ․ հոկտեմբերի 26-ին։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ երկու իրական սեփականատեր կա, որոնցից մեկին պատկանում է ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը։ Մեկը Վահե Հակոբյանն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, գործարար, նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին։ Վահե Հակոբյանին են պատկանում ընկերության 100 բաժնետոմսերը՝ 100% մասնակցությամբ։

Ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը Վահե Հակոբյանը ձեռք է բերել 2019 թ․ հուլիսի 10-ին, երբ Հայաստանում արդեն ներդրված էր ԱՃԹՆ գործընթացը։ Վահե Հակոբյանը նաև ընկերության խորհրդի անդամ է, իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց։

Իսկ երկրորդ իրական սեփականատերը ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանն է։ Հայտարարագրում նշված է ընդամենը մեկ միջանկյալ ընկերություն՝ Հայաստանում գտնվող «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն, որը գործում է առաջին սեփականատեր Վահե Հակոբյանի համար։ Ընկերությունը «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ունի ուղղակի մասնակցություն։

Հիմա ինչ-որ շրջանակներ փորձում են խժդժություններ սարքելով տիրանալ Ախթալայի հանքավայրին, որի մասով նախարարությունը մեր հարցերն անպատասխան է թողել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր