«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների գույքն ու եկամուտները՝ ներկայացնելով նրանց հայտարարագրերը և անցած ուղին։
Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ունեցվածքն ու կենսագրությունը։
Բրուտյանը պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին։ Նա ծնվել է 1976 թվականին Երևանում և իր մասնագիտական գործունեությունը սկսել է ֆինանսական համակարգում՝ աշխատելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ապա՝ ֆինանսների նախարարությունում։ Տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ վարչության պետ, եղել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Կրթությամբ տնտեսագետ է, ունի տնտեսագիտության թեկնածուի աստիճան։
2024 թվականի հայտարարագրի տվյալներ
3 միավոր անշարժ գույք
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Բրուտյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում գտնվող անհատական բնակելի տուն, որը ստացել է նվիրատվությամբ 2012 թվականին։ Նա ունի նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/3 բաժնեմաս, որը ձեռք է բերել ժառանգությամբ 2017 թվականին, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող շինության 1/2 բաժնեմաս, որը ձեռք է բերել գնման եղանակով 2019 թվականին։
Տրանսպորտային միջոց Բրուտյանը չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 55,412,649 դրամ, իսկ բանկային հաշիվներում առկա միջոցները՝ 8,692,928 դրամ և 868 եվրո։ Կանխիկ միջոցների մասով նա հայտարարագրել է 40,000 եվրո և 30,000 ԱՄՆ դոլար։
Հայտարարագրում ներառված են նաև փոխառություններ․ հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 50,981,390 դրամ և 35,000,000 դրամ, իսկ երրորդ անձանց միջոցով տրամադրված և տնօրինվող գումարները՝ 7,400,000 դրամ։
2024 թվականի ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 27,864,706 դրամ, որից 15,093,275 դրամը աշխատավարձ է ՀՀ պաշտպանության նախարարությունից, 3,465,000 դրամը՝ այլ եկամուտ (անհասկանալի է՝ ինչից և որտեղից), 5,226,250 դրամը՝ բանկային տոկոսներից ստացված գումար, իսկ 4,080,181 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։
Տարվա վերջի դրությամբ նրա վարկային և փոխառության պարտավորությունները կազմել են ընդհանուր 53,149,340 դրամ, ներառյալ 35,000,000 դրամ փոխառություն, ինչպես նաև 50,981,390 դրամ և 5,000 եվրո վարկային պարտավորություններ։ Տարվա ընթացքում նա կատարել է 7,940,524 դրամի վարկի մարման վճարումներ։
Նախորդ տարիների հայտարարագրեր
2023 թվականի հայտարարագրում նշվում է, որ Բրուտյանի գույքը չի փոփոխվել։ Այդ տարվա ընթացքում նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 44,314,000 դրամ, 35,000,000 դրամ և 5,000 եվրո։ Բանկային ավանդները պահպանվել են նույն մակարդակում՝ 55,412,649 դրամ։ Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 2,043,186 դրամ և 1,031 եվրո, իսկ կանխիկ միջոցները՝ 45,000 եվրո և 35,000 ԱՄՆ դոլար։ Տարվա եկամուտը կազմել է 27,822,768 դրամ։
2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա փոխառությունները կազմել են 44,314,000 դրամ, 35,000,000 դրամ և 5,000 եվրո։ Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 856,788 դրամ։ Կանխիկ միջոցները զգալի են եղել՝ 50,000 եվրո, 40,000 ԱՄՆ դոլար և 55,000,000 դրամ։ Տարվա եկամուտը կազմել է 19,283,007 դրամ։ Նույն տարում նրա վարկային պարտավորությունները կազմել են 48,286,300 դրամ և 35,000,000 դրամ, իսկ վարկի մարման համար վճարվել է 5,724,744 դրամ։
2021 թվականի հայտարարագրում Բրուտյանը նշել է 35,000,000 դրամ և 48,000,000 դրամ փոխառություններ, ինչպես նաև 5,000 եվրո։ Նրա բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 450,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 50,000 եվրո, 40,000 ԱՄՆ դոլար և 55,000,000 դրամ։ Այդ տարվա եկամուտը կազմել է 24,594,192 դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է ներկայացնել պաշտոնյաների գույքային վիճակը՝ նպաստելով թափանցիկության բարձրացմանը և հանրային վերահսկողությանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: