«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն վերցնելու մասին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մեծախոս հայտարարությունների հետեւում, պարզվում է՝ թաքնված է իրենց շանսերի վրա խիստ կասկածող եւ պարտություն կանխատեսող շարքային կուսակցականների մի մեծ բազմություն։
Մասնավորապես, հատկապես կասկածներ ունեն ՔՊ նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայն բերողներն են համարվում։
Ըստ մեր իշխանական աղբյուրի, շտաբի պետերն ընդհանուր «չաթ» ունեն եւ գրեթե ամենօրյա ռեժիմով այստեղ քննարկում են իրենց խնդիրները, կիսվում են իրենց կասկած-մտահոգություններով։
Չաթում է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի պետ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը փորձում է խեղդել կասկածի որդը եւ հավատ ու ոգեւորություն փոխանցել շտաբի շարքային պետերին։
Օրերս նա մի բոցաշունչ տեքստ է գրել չաթում՝ փորձելով փարատել թիմակիցների կասկածները, վստահեցրել է, որ իրենց շանսերը շատ մեծ են, կասկած թող չունենան հաղթանակի հարցում։ Սակայն մարզային եւ տեղական շտաբի պետերը դրանից չեն մխիթարվել, քանի որ գետնի վրա են կանգնած եւ առանձին զրույցներում սկսել են դժգոհել, թե վերեւներում իրականությունից կտրված են եւ ամեն ինչ անում են, որ վիճակն ավելի վատանա՝ «իշխանությունն ինքն իր դեմ քայլեր է անում․ մե՛կ նոր անձնագրերի թեման, մե՛կ ադրբեջանցիների այցելությունը, իրենք մեզ խանգարում են, հետո մեզնից են արդյունք պահանջելու»: