00:00:00

Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար

17:51, 25 ապրիլ 2026 Հասարակություն

Այսօր Արագածոտնի թեմի արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվեց Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ համախմբելով թեմի հոգևոր սպասավորներին և բազմաթիվ հավատացյալների:
Հանդիսապետությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի կատարվեց երեկոյան ժամերգություն:

Ժամերգության ընթացքում աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ ժողովրդի խաղաղության, հայրենիքի անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր խոսքն ուղղեց Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը:

Տեր Հայրը հավատացյալներին պատգամեց արժանապատվորեն պահել այն Սրբությունները, որոնք դարերի ընթացքում ժառանգվել է մեր նախնիների կողմից, որպես ինքնության վկայություն: Հորդորեց հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն ու ազգային արժեքներին։
Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով:

Արարողության ավարտին Ապարան քաղաքում հոգևոր հայրերի առաջնորդությամբ տեղի ունեցավ ջահերով երթ, որին մասնակցեցին բազում հավատացյալներ ու երիտասարդներ։
Երթը շարժվեց դեպի Վերածնունդ հուշահամալիր՝ Հայոց Ցեղասպանության Նահատակների հուշաքար, որտեղ միասնական աղոթքից հետո Տեր Հայրը ներկաներին փոխանցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։

Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա մայիսի 1-ին, ժամը 19:00-ին Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր