«Մեզ հայտարարված է բազմակողմանի պատերազմ, և խոսքը ամենևին ռազմական գործողությունների մասին չէ։ Մեր ժամանակաշրջանում ամենախորքային սպառնալիքներից և ամենամահաբեր պատերազմներից մեկը ճանաչողականն է, որն ուղղված է մեր մտքին, գիտակցությանը․․․․ Եթե մենք չճանաչենք աշխարհը և մեր տեղը դրանում, չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը. ելքը սեփական պետականության կենսունակության վերականգնումն է։ Հայաստանը պետք է դուրս գա օբյեկտի կարգավիճակից»։
Այս ուղերձով հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը բացեց Երևանում կայացած «Մերձավոր և Միջին Արևելք. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը մեկ հարթակում էր միավորել Հայաստանի և արտերկրի առաջատար վերլուծաբաններին՝ քննարկելու աշխարհաքաղաքական ռիսկերը և տարածաշրջանային հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի վրա։
Գիտաժողովի հատուկ հյուր, արևելագետ-իրանագետ, ռուսաստանաբնակ հայտնի վերլուծաբան Կարինե Գևորգյանն անդրադարձավ գլոբալ տրանսֆորմացիաների փուլին, որը կարող է ձգվել մինչև դարի կեսերը։ Նա ընդգծեց, որ հայաստանյան հասարակությունը պետք է դուրս գա «ո՞վ է ավելի լավը» փնտրելու մոլորությունից և առաջնորդվի բացառապես սեփական շահով։ «Այս գլոբալ վերափոխման մեջ արտաքին ուժերից ոչ մեկն էլ «լավը» չէ»,- նշեց փորձագետը՝ նաև զգուշացնելով Ադրբեջանի ռազմական ակտիվության ստեղծած վտանգների մասին Իրանի սահմանների մոտ։
Տնտեսական անվտանգության և տեղեկատվական վակուումի հարցերին անդրադարձավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Նա նշեց, որ Իրանի տնտեսական ներուժը հաճախ թերագնահատված է մնում օբյեկտիվ տեղեկատվության պակասի պատճառով։ Տնտեսագիտության դոկտոր Անդրեյ Կոբյակովն էլ վերլուծեց բազմաբևեռ աշխարհակարգի անխուսափելիությունը՝ ԱՄՆ-ի այժմյան հզորությունը համեմատելով «մարած աստղի լույսի» հետ, որն այլևս չունի նախկին էներգիան։
Թուրքագետ Վլադիմիր Ավատկովը խոսեց Անկարայի կայսերական նկրտումների և ռեսուրսների սահմանափակության մասին՝ պատկերավոր նշելով. «Թուրքիայի համար հիմնական հարցն այն է՝ արդյոք նա կլինի որպես ճաշացանկ սեղանի վրա, թե՞ սեղանի շուրջ՝ ճաշացանկը որոշողի դերում»։ Միջազգայնագետ Աբբաս Ջուման, համակարգելով քննարկումը՝ շեշտելով, որ Իրանի հեռատեսությունը տարածաշրջանային կայունության կարևոր գործոն է։
Համաժողովի աշխատանքներին իր մասնագիտական ներդրումն ունեցավ նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, ով կասկածի տակ դրեց այն պնդումը, թե Իրանում կա «40 միլիոն ադրբեջանցի»՝ նշելով, որ նման թվերը քաղաքական և քարոզչական բնույթ ունեն, ոչ թե՝ իրական գիտական գնահատական։
Ըստ նրա՝ Իրանի բնակչության մեծ մասը ինքնությունը կապում է Իրանի պետության հետ, ոչ թե արտաքին «ադրբեջանական» գաղափարի։
Գիտաժողովի մասնակիցները եզրափակեցին, որ Հայաստանի համար կենսական է սթափ գնահատել հարևանությամբ ընթացող գործընթացները։ Մասնագիտական նման քննարկումների նպատակն էլ ոչ միայն վերհանելն է սպառնալիքները, այլև՝ նախանշել այն ռազմավարական ուղիները, որոնք թույլ կտան երկրին դառնալ տարածաշրջանային գործընթացներ թելադրող կողմ և ապահովել ազգային վերելքը։
