00:00:00

Գիտական ֆանտաստիկայի պես. իմունաթերապիայի նոր ալիքը փոխում է քաղցկեղի բուժումը

19:04, 13 ապրիլ 2026 Հասարակություն

Գրեթե մեկ հարյուրամյակ տևած հետազոտություններից հետո, քաղցկեղի դեմ պայքարում իմունային համակարգը խթանող բուժումները վերջապես տպավորիչ արդյունքներ են ցույց տալիս՝ փրկելով կյանքեր և որոշ դեպքերում լիովին վերացնելով ուռուցքները, գրում է BBC-ն։

Երբ 71-ամյա Մորին Սիդերիսը 2008 թվականին բուժվում  էր հաստ աղիքի քաղցկեղից, նա ստիպված եղավ վիրահատվել և դժվարությամբ վերականգնվել։ Տարիներ անց, երբ նրան կերակրափողի քաղցկեղ ախտորոշեցին, նրա բուժումը բոլորովին այլ էր։ Սիդերիսը մասնակցեց կլինիկական հետազոտությանը և նրան dostarlimab դեղամիջոց ներարկեցին:

Ընդամենը չորս ամսվա ընթացքում ուռուցքն ամբողջությամբ անհետացավ՝ առանց վիրահատության, քիմիաթերապիայի կամ ճառագայթման։ Միակ լուրջ կողմնակի ազդեցությունը հոգնածությունն էր։ Ըստ Սիդերիսի՝ դա «գիտական ֆանտաստիկայի պես մի բան էր»։

Նման դեպքերն ավելի հաճախակի են դառնում, քանի որ իմունաթերապիան դուրս է գալիս նոր մակարդակի։

Ըստ MD Anderson Cancer Center կենտրոնի աշխատակից Ջենիֆեր Վարգոյի՝ արդյունքները տպավորիչ են. բուժառուները ոչ միայն ողջ են մնում, այլև պահպանում են կյանքի բարձր որակը, իսկ երբեմն հասնում են լիարժեք բուժման։

Ինչպես է գործում իմունաթերապիան

Իմունային համակարգն ի վիճակի է ճանաչել և ոչնչացնել անոմալ բջիջները: Սակայն քաղցկեղի բջիջները քողարկվել՝ առողջ բջիջներ ձևանալով: Իմունաթերապիան օգնում է «մերկացնել» դրանց և խթանել իմունային պատասխանը:

Հիմնական եղանակները՝

CAR-T թերապիա՝ բուժառուի իմունային բջիջների վերափոփոխում՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար

Վերահսկիչ կետերի ինհիբիտորներ՝ դեղամիջոցներ, որոնք ազատում են իմունային համակարգի «արգելակներից»

Այս հայտնագործության համար գիտնականները Նոբելյան մրցանակի են արժանացել ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության ոլորտում:

Սահմանափակումներ և վտանգներ

Իմունաթերապիան արդյունավետ չէ բոլորի համար. բուժառուների միայն 20-40%-ն է արձագանքում: Առանձնապես դժվար են բուժվում խոշոր ուռուցքները:

Հնարավոր են նաև կողմնակի ազդեցություններ, քանի որ ակտիվացված իմունային համակարգը կարող է հարձակվել առողջ հյուսվածքի վրա:

Նոր մոտեցումներ

Գիտնականները արդյունավետությունը բարելավելու եղանակներ են փնտրում՝

  • բարձր մանրաթելային սննդակարգ
  • ստատինների կիրառում
  • թերապիայի ճիշտ ժամանակացույց
  • համադրություն ճառագայթային թերապիայի կամ ուլտրաձայնային հետազոտության հետ

Սանդրա ԴեՄարիայի նման հետազոտողները շեշտում են անցումն անհատականացված բժշկության:

Կլինիկական փորձարկումների առաջընթացները

Որոշակի գենետիկական հատկանիշներ ունեցող բուժառուների ուռուցքները Memorial Sloan Kettering Cancer Center-ում հաճախ լիովին անհետանում են։

Ընդսմին նման եղանակները ներկայում հարմար են միայն բուժառուների փոքր տոկոսի համար։

Հեռանկարներ. քաղցկեղի դեմ պատվաստանյութեր

Հեռանակարային ուղղություն են թերապևտիկ պատվաստանյութերը, որոնք մարզում են իմունային համակարգը ուռուցքների վրա հարձակվելու համար։

Dana-Farber Cancer Institute -ում անցկացված հետազոտությունները խրախուսական արդյունքներ են ցույց տվել. բուժառուները տարիներ շարունակ քաղցկեղի նշաններ ցույց չեն տվել։

Ուռուցքաբանության նոր դարաշրջան

Հակառակ դժվարություններին, իմունաթերապիան արդեն փոխում է քաղցկեղի բուժման մոտեցումը։ Այն ճանապարհ է բացում դեպի ավելի ճշգրիտ, նվազ ինվազիվ և պոտենցիալ ապաքինող բժշկություն։

Ուռուցքաբանության ապագան ավելի ու ավելի է կապվում իմունային համակարգի հնարավորությունների հետ, և այդ ուղղությունը չափազանց հեռանկարային է թվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր