Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia» մակնիշի, վերջինն էլ «Dodge» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 վարորդները և 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կիրակոսյանը և Պատվական Թովմասյանը։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։