Այսօր՝ ապրիլի 7-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով արձանագրվել է մահ։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Շենիկ բնակավայրում՝ գյուղապետարանին հարակից փողոցներից մեկում, կրակոց է հնչել, և կա տուժած։
Ինչպես Շենիկ գյւղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Մինչ քրեական ոստիկանները սահմանազատում էին տարածքը, Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին, և հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով մահացել է։
Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 55-ամյա Վաչագան Մարտիրոսյանն էր, ով Շենիկ գյուղից տեղափոխվել էր հիվանդանոց։
Քրեական և համայնքային ոստիկանները այնուհետև վերադարձել են դեպքի վայր, որտեղ էլ հայտնաբերել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի մասին Արմավիրի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։
Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում, Արմավիրի քրեական ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ տեղեկություններ են ստացել, որ սպանությունը կատարել է Շենիկ գյուղի բնակիչ, 45-ամյա Սպարտակ Եղիազարյանը։
Վերջինս ավտոմեքենան արագ վարելու շուրջ վիճաբանել է սպանվածի հետ, ապա իր մոտ պահվող հրազենով կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մահ։
Կարճ ժամանակ անց Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ կասկածյալ Ս․ Եղիազարյանը փորձում է Հայաստանի սահմանը օդային ճանապարհով լքել և գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Վարչության պետ Երվանդ Նիկոյանը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի իրենց գործընկերներին, ինչի արդյունքում կասկածյալը հենց օդանավակայանում վնասազերծվել է։ Եթե 20 րոպե ուշանային, նա արդեն Հայաստանը լքած կլիներ։
«Զվարթնոց» օդանավակայանից Ե․ Նիկոյանի գլխավորությամբ կասկածյալին տեղափոխել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից էլ ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։