Ապրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը:



Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի, Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Արամայիս սարկավագ Ազիզյանի, Սերգեյ սարկավագ Բարսեղյանի, Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի Ե լսարանի սան Ալեն ուրարակիր Իսրայելյանի և Ա լսարանի սան Աբրահամ Հովհաննիսյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արտաշես Ղազարյանի, Կամսար Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից հայորդիներ Վահագն Սահակյանի, Մոնթե Լևոն և Սերոբ Իշխան Եգիներյանների, Նարեկ Ղևոնդյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Ստեփան Սկրտչյանի, Նարեկ Տերտերյանի, Սարգիս Քոչարյանի և Լևոն Շարոյանի ոտքերը։






Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։
