Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։