Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթքի էին մեկտեղվել Մասյացոտնի և Արագածոտնի թեմի հոգևորականները՝ գլխավորությամբ Մասյացոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի:
Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին այս օրերին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, մեր ժողովրդի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալների հոգևոր կյանքի ամրության համար։
Հոգևորականների այս մի սիրտ ու մի հոգի դարձած աղոթքը՝ եղբայրական սիրո, միաբան հոգու և նվիրվածության արտահայտումն է:
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին փոխանցեց Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը:
Հայր Սուրբը ողջունեց ուխտավորաբար Արագածոտնի թեմ եկած հոգևորականներին և հավատացյալներին ու նշեց. «Սրտի մեծ ուրախութեամբ եւ հոգեւոր բերկրանօք այսօր հիւրընկալում ենք Մասեացոտնի հոգեւորական եւ հաւատացեալ ուխտաւորներիդ, Առաջնորդական փոխանորդ՝ Հոգեշնորհ Տեր Ռուբէն վարդապետի գլխաւորութիեամբ, ինչպէս նաեւ միւս ուխտաւոր հաւատացեալներիդ: Եւ պատեհ առիթն ունենալով՝ միյասնաբար աղօթեցինք Սբ Գեւորգի հովանավորչութեան նեյքոյ, Նրա եւ միւս Սուրբերի բարէխօսութիւնները թող իջնեն բոլորիս անմահ հոգիների վրայ: Եւ դարձեալ աղօթում ենք, որ Տէրը ուղիղ վարդապետութեան շավիղներով ընթացքի մէջ պահի Ձեզ՝ սիրելի Հայր Սուրբ, եւ Տիրախանամ թէմիդ նուիրեալ ու ծառայասէր հոգեւորականաց դասին, եւ Ձեր սիրելի բարէպաշտ զաւակներին, անսայթաք կերպով հովուէք Ձեր հօտը եւ կատարէք Աստուծոյ Բանին սպասաւորի Ձեր նուիրական ծառայութիւնը:
Մեր, հինգշաբթի եւ ապա ուրբաթօրեայ այս հաւաքական աղօթքները, ի սկզբանէ նուիրուած են անազատութեան մէջ գտնւուօղ մեր թէմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Սրբազան եւ Քահանայ Հայրերի եւ միւս բանտարկեալների համար: Մշտապէս ի մտի ունենալով Պօղոս առաքեալի հետեւեալ խրատը. «Յիշեցէ՛ք կապեալներին, որպէս թէ դուք էլ նրանց հետ կապուած լինէիք» (Եբրայեցիս 13:3):
Յիշենք նաեւ Յովհաննէս Կասիանոսի հետեւեալ խրատը. «Ոչ մի հեռավորութիւն չի կարող բաժանել նրանց, ում Քրիստոսը միավորել է սիրով, և ոչ մի մահ չի կարող խզել այն կապը, որը հյուսված է Սուրբ Հոգու կողմից»: Սա սովորեցնում է մեզ, որ Եկեղեցին, համայնքը, ծուխը ոչ թե ուղղակի մարդկանց սիրողական մի հաւաքական խումբ է, այլ՝ Քրիստոսի մէջ մեկ խորհրդական մարմին, որտեղ յուրաքանչիւրի ցաւը դառնում է բոլորինը: Ամէն»:
Անդրադառնալով առաջիկա Գալստյան կիրակիի խորհրդին՝ Հայր Սուրբը շեշտեց, որ այս կիրակին հավատացյալին ուսուցանում է հոգևոր կատարելության գաղտնիքը ու հավելեց.«Մեծ պահքի նպատակն է ապաշխարութեան աշխատութեամբ եւ հոգեւոր նորոգութեամբ սիրտը մաքրել, որպէսզի այն դառնայ Աստծոյ ներբնակութեան տարածք: Այսպիսով երկու Գալուստների լոյսի ներքոյ է հաստատւում Ներքին Արքայութիւնը։
Եւ հասնել սրտի մաքրութեան եւ հոգեւոր զգաստութեան ու զգօնութեան այնպիսի կատարելութեանը՝ որում արթնանում է մեր կեանքի իւրաքանչյուր օրն իբրև վերջինն ապրելու գիտակցութիւնը եւ կենցաղավարում ենք այնպէս, որ ժամանակը դադարում է լինել սոսկ տեւողութիւն այլ դառնում է յաւիտենութեան հետ կենդանի հաղորդակցութիւն:
Երկրորդ Գալստեանն սպասելով. Անդադար եւ անզբաղապէս աղօթենք, որ արժանավայել կերպով հանդիպենք Նրան՝ “Ելանելով ընդ առաջ Անմահ Փեսային” հաւատոյ “վառեալ լապտերօք”։
Մաղթում եմ բոլորիդ աղօթելով, որ այդ հոգեւոր բերկրանքն ու խաղաղութիւնը վայելէք բոլորդ եւ ձեր աղօթքով վառեալ լապտերներով, որպէս Քրիստոսի փոքր հոտ, ելնէք Նրան ընդ առաջ: Ամէն»:
Թող Աստծո օրհնությունը մշտապես հովանի լինի Հայ Եկեղեցուն և եկեղեցում անսասան ու նվիրյալ ծառայող հոգևոր դասին: