ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։
Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Ազատ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։