Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Լերմոնոտովո գյուղի մոտ բախվել են 52-ամյա Ասադով Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արամ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իշխան Մկրտչյանն ու Լևոն Աբրահամյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։