ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա արթնացել և նկատել է, որ երեխան չի շնչում, մահացել է։
Կինն այդ մասին հայտնել է իր 29-ամյա ամուսնուն, ինչից հետո արդեն հաջորդ օրը նրանք երեխային հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Այգուտ բնակավայրի «Ղարաթոլփաղ» կոչվող հատվածում։ Իսկ երեխայի մահվան փաստը որևէ տեղ չի արձանագրվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը ստացվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատներից մեկից։