Առաջիկա կիրակին Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցում կոչվում է Տնտեսի կիրակի։ Մեծ պահքի կիրակիների այս գեղեցիկ շղթան մեր եկեղեցու իմաստուն հայրերը հատուկ անուններով են կոչել, որպեսզի դրանք հավատացյալների համար դառնան ուղեկից՝ օգնելով վերագտնել Աստծու հետ ունեցած սերը, հաշտությունն ու կապը։
Տեր Հայկ քահանա Քոչարյանի մեկնաբանությամբ՝ այս կիրակին «Տնտեսի» է կոչվում, քանի որ անմիջականորեն կապված է Աստծուց ստացած պարգևները ճանաչելու և գնահատելու գաղափարի հետ։
Քահանայի խոսքով՝ Տնտեսի կիրակին նախևառաջ հիշեցնում է, որ մարդը պետք է կարողանա հասկանալ և վերագնահատել այն ամենը, ինչ Աստված իրեն տվել է։
Սուրբ Գիրքը հորդորում է իմաստուն լինել մեր ունեցածի տնօրինման մեջ և դառնալ լույսի որդիներ։ Իսկ լույսի որդի լինելը նշանակում է Աստծուն հաճելի կերպով տնօրինել մեզ վստահվածը, այն օգտագործել բարիք ստեղծելու համար։
«Սուրբ Գրքում նաև ասվում է, որ խավարի որդիները իրենց տնտեսության մեջ երբեմն ավելի իմաստուն են վարվում, քան լույսի որդիները։ Սա մեզ հուշում է մտածել, թե ինչպես ենք տնօրինում մեր կյանքը, մեր ժամանակը և մեր ունեցած շնորհները»,– նշում է Տեր Հայկ քահանա Քոչարյանը։
Քահանայի խոսքով՝ Տնտեսի կիրակին հավատացյալներին հնարավորություն է տալիս վերանայել իրենց կյանքը և խորհել, թե ինչպես կարելի է ոչ թե պարզապես ապրել ու օրերն անցկացնել, այլ մեր ժամանակն ու կարողությունները օգտագործել բարիք ստեղծելու, Աստծուն հաճելի լինելու և միմյանց սիրելու համար։