00:00:00

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 4 վիրավոր

20:45, 10 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Մերուժան Կ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարապետ Պուտուրյանը և Գեղամ Մակարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր